Տարեսկզբին թատրոնը փակեց իր դռները համավարակի պատճառով։ Աշնան սկզբին մշակութային կյանքը կարծես ուզում էր հունի մեջ մտնել, սկսվեց պատերազմը։ Բնականաբար, լիակատար լռություն տիրեց բեմահարթակներում՝ չհաշված բարեգործական հատուկենտ միջոցառումները։ Հիմա արդեն բեմը կենդանություն է ստանում, բայց միայն մանուկների համար։ Տարվա թատերական անցուդարձի ու սպասվող ծրագրերի մասին զրուցել ենք Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ։
-Տիկին Սահակյան, տարեվերջ է, ու հավանաբար փորձ է արվում երեխաներին չզրկել Ամանորյա միջոցառումներից։ Դերասանների համար, սակայն, դժվար չէ՞ բեմ դուրս գալը՝ հաշվի առնելով այս օրերին տիրող տրամադրությունները։
-Դերասանները մի տեսակ ներքին պարտավորություն ունեն երեխաների համար Ամանորյա հեքիաթ ստեղծելու, և կարելի է պատկերացնել՝ հատկապես հիմա դա որքան դժվար է։ Մենք արցախցի երեխաների համար երկու ներկայացում ենք ունեցել. դերասանները, լացը կոկորդում սեղմած, փորձում էին բեմում հեքիաթ ստեղծել երեխաների համար։ Էլի եմ ասել՝ մենք իրավունք չունենք երեխաներին զրկելու Ամանորի հեքիաթից, որքան էլ գերլարված միջավայրում ենք ապրում, որքան էլ թե՛ դրսում, թե՛ ներսում շիկացած են քաղաքական ու աշխարհաքաղաքական կրքերը, և որքան էլ մեծերս գիտակցում ենք կատարվածի ու գուցե նաև սպասվելիքի ամբողջ լրջությունը։ Բացի այդ, պրոֆեսիոնալ դերասանը գիտի, որ երեխային պետք է դուրս բերել սթրեսային վիճակից։ Ոչ միայն երեխաներին։ Կարծում եմ՝ աստիճանաբար պետք է առաջ շարժվենք, վերականգնենք նաև երեկոյան ներկայացումները։ Իհարկե, այդ փուլն անցնելը բավականին բարդ է լինելու։
-Ամանորյա ի՞նչ ներկայացումներ են սպասվում Աբելյանական թատրոնում։
-Այս տարվա համար շատ հետաքրքիր ստեղծագործություն է ընտրվել. ժամանակակից ռուս գրող Վլադիմիր Իլյուխովի «Դեղ ագահության դեմ» պիեսի հիման վրա մեր թատրոնի դերասան և բեմադրիչ Արամ Մխիթարյանը մանուկներին ներկայացնելու է «Կախարդական փոշին» ներկայացումը։ Առաջնախաղը կլինի դեկտեմբերի 20-ին, դեկտեմբերի 30-ին կունենանք երկու սեանս։ Ինչն է հետաքրքիր. այս ներկայացման հերոսները, ինչպես այսօր գրեթե բոլորս, վիրուսի դեմ են պայքարում, միայն թե այս դեպքում վիրուսն ագահությունն է։ Կարծում եմ՝ ներկայացումն ուսանելի կլինի և՛ փոքրերի, և՛ մեծահասակների համար։ Գուցե այն իսկապես դեղամիջոց դառնա ագահության դեմ։
-Պատերազմի օրերին առաջնագիծ մեկնող լոռեցի կամավորականների համար Աբելյանական թատրոնի դերասանները խաղացել են հատված «Հրադադար» ներկայացումից (բեմադրիչ՝ Ռազմիկ Խոսրոև, պիեսի հեղինակ՝ Սամվել Խալաթյան)։ Կպատմե՞ք այդ մասին։
-Լոռու մարզպետարանից հրավեր ստացանք՝ Լոռուց առաջնագիծ մեկնող կամավորականների համար նախատեսվող միջոցառմանը մասնակցելու։ Մոտ 300- հոգանոց խումբ էր։ «Հրադադար» ներկայացումից ընտրեցինք շատ խոսուն հատված. ադրբեջանցի ռազմագերուն հայ ռազմիկը մի բուռ հող է մեկնում ու ասում է ՝ կեր, դրա մեջ արյան համ կա, դուք մենակ դրանով եք կշտանում։ Զգացողությունները հիմա այնքան խառն են, մենք հաղթողի հոգեվիճակով էինք ճանապարհում մեր զինվորներին։ Ցավում եմ, որ ինչքան էլ փորձեցինք ուժեղ թիկունք լինել, միասնական լինել, այնուամենայնիվ, պինդ չպահեցինք զինվորի թիկունքը։ Վախենում եմ, որ իբրև բացարձակ ճշմարտություն կարող է հնչել վաղուց ասված միտքը, թե ափսոս էր այս գենը, այս ազգը թողնել այս ժողովրդի ձեռքին։ Ես ուզում եմ, որ մենք կարողանանք գոնե ճակատագրական պահերին բաժան-բաժան անելու մոլուցքով չառաջնորդվել։ Ամանորյա մեր ներկայացումն այս իմաստով գուցե բոլորիս է անհրաժեշտ, գուցե անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս վերջապես մեր ներսը նայենք, վերջին հաշվով, եղած- չեղածը մի կտոր հայրենիք է։ Չգիտեմ՝ վաղվա օրը մեզ էլ ինչ անակնկալներ է բերելու, բայց շատ եմ ուզում՝ միասնական լինենք։ Էլ բավական է, աղանդների ու կուսակցությունների համարյա հավասարարժեք գործունեությունից տուժում է միայն մաքուր ազգային շահը։
-Ի՞նչ ծրագրեր կային, որ գուցե այս տարվա թոհուբոհի հետևանքով կիսատ մնացին։ Եվ, ելնելով հետպատերազմյան տրամադրություններից, երկրում տիրող իրավիճակից, հնարավո՞ր է վերանայվի թատրոնի խաղացանկը։
-Անպայման նորացվելու է խաղացանկը։ Առաջիկա մի քանի տարիներին Արցախյան գոյամարտին մենք վստահաբար չենք կարող անդրադառնալ. դժվար է խոսել ու պատկերել պարտվողի հոգեվիճակը։ Այն դեռևս հաղթահարել է պետք։ Կարծում եմ՝ առաջիկայում պետք է առաջ քաշվեն հայրենիքը առարկայական սիրով սիրելու, հայրենիքին իրապես տեր լինելու գաղափարներ, և դրանք պետք է ներարկվեն սերնդի գիտակցության ու, եթե կուզեք, ենթագիտակցության մեջ։ Սա պիտի լինի ամենօրյա աշխատանքի արդյունքում։ Թատրոնում գուցե բեմադրվեն նաև էքզիստենցիալիստական ստեղծագործություններ, որոնցում սահմանային վիճակներում գտնվող մարդը կարողանում է ինքնադրսևորվել, և այդ դրսևորումները կարող են լինել հակասական, բոլորովին այլ, քան կարող էր լինել առօրյա կյանքում։
Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, տարեսկզբից, համավարակով պայմանավորված, թատրոնում բավական ծրագրեր կիսատ մնացին։ Դրանցից մեկը հայկական ժողովրդական հեքիաթների մոտիվներով մանկական ներկայացումն էր, որ պետք է հանձնեինք մարտի վերջին (բեմադրիչ՝ Արմեն Բարսեղյան)։ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք ապուշի հետ» ստեղծագործության փորձերը երկու անգամ ընդմիջվեցին՝ համավարակի պատճառով և պատերազմի։ Հաջորդ տարի երկուսն էլ ավարտին կհասցնենք և կհանձնենք, բայց, այնուամենայնիվ, խաղացանկային քաղաքականությունն անհրաժեշտ է փոխել. մեր հանդիսատեսն այլևս առաջվանը չէ։
-Համավարակի թելադրանքով կյանքի կոչվեցին բացօթյա ներկայացումներ, այս ձևաչափը արդյոք պահպանվելու՞ է։ Սիրվե՞ց այն թե՛ դերասանների, թե՛ հանրության կողմից։
-Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ բացօթյա ներկայացումները դառնան ավանդական, ինչը նաև վերադարձ է ակունքներին։ Նախ, թատրոնի հետնաբակը տալիս է հնարավորություն՝ երեխաների համար մշակութային գեղեցիկ միջավայր ստեղծելու։ Ամռանը կարող ենք փոքրիկ հանդիսատեսին հյուրընկալել հետնաբակում։ Բեմադրել ենք նաև Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» բացօթյա ներկայացումը գրողի տուն-թանգարանի բակում։ Կարծում եմ՝ այս ներկայացումը իր ձևաչափով և թատրոն-թանգարան համագործակցության մասով եզակի է, ճիշտ կլիներ, որ մնար թատրոնի խաղացանկում, ստեղծվեին նաև բացօթյա նոր ներկայացումներ։
-Համավարակը վախեցնում էր, պատերազմը մարդկանց հոգեվիճակը փոխեց։ Ի՞նչ եք կարծում՝ հանդիսատեսը կգա՞ թատրոն։
-Համավարակով պայմանավորված արտակարգ դրությունից հետո հանդիսատեսը, ճիշտ է, զգուշանալով, բայց եկավ թատրոն։ Նկատեցինք, որ մարդիկ կարոտել էին։ Կարոտել էին նաև երեխաները. փոքրիկ հանդիսատեսը ներկայացումից հետո չէր ուզում գնալ թատրոնից։ Կարծում եմ՝ այս փուլը հաղթահարելն ավելի դժվար է լինելու, մեծահասակներն ավելի դժվար են գալու թատրոն, բայց մյուս կողմից՝ կարոտել են, ուզում են լինել մշակութային միջավայրում, թեկուզ մի կարճ ընթացք կտրվել իրականությունից։ Այնուամենայնիվ, շատ դժվար է լինելու։
-Եթե չեմ սխալվում, թատրոնում վերանորոգման աշխատանքներ էին սպասվում։
-Այո, վերանորոգման նախագիծը պատրաստ էր, բայց քաղշին նորմերին չհամապատասխանող դետալներ կային, բացի այդ, անհրաժեշտ եղավ շենքի ուժեղացումով նախագիծ։ Լրամշակեցինք, սեպտեմբերի վերջերին ավարտուն նախագիծն արդեն պետք է հանձնեինք։ Բայց երկու տղաները՝ նախագծողն ու նախահաշվորդը, ռազմաճակատ մեկնեցին։ Ֆորսմաժորային իրավիճակից հետո ավարտին կհասցնենք նախագծային փուլը։
-2021-ին Վանաձորի դրամատիկական թատրոնի 90-ամյակն է լրանում։ Ինչպե՞ս եք պատկերացնում հոբելյանական տարին։
-Դժվարանում եմ հիմա այդ հարցին պատասխանել։ Համավարակը չխանգարեց, որ մենք նախագծեր կազմենք եկող տարվա համար, բայց պատերազմից հետո չգիտեմ՝ դրանց քանի տոկոսը կկարողանանք իրագործել՝ նաև նպատակային լինելու, թիրախային դարձնելու շեշտադրումով։ Ընդ որում, ես հիմա դեռ վարանում եմ ասել՝ պատերազմից հետո։ Պատերազմը չի ավարտվել...
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ